Global Cities Index քաղաքների միջազգային վարկանիշի առաջատարը 2016 թվականին Լոնդոնն է դարձել, երկրորդ տեղում Նյու Յորքն է, իսկ եռյակը եզրափակում է Փարիզը: Վարկանիշը կազմել է A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը:
Global Cities Index-ի տասնյակում հայտնվել են նաեւ Տոկիոն, Հոնկոնգը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Պեկինն ու Վաշինգտոնը:
125 մեգապոլիս ներառող ցանկում 2015 թվականին 14-րդ հորիզոնականում գտնվող Մոսկվան այս տարի հայտնվել է 18-րդ տեղում, իսկ Սանկտ Պետերբուրգը բարելավել է դիրքերը՝ 70-րդ տեղից հայտնվելով 68-րդում:
Ըստ Lenta-ի, 2008 թվականից կազմվող վարկանիշը քաղաքները գնահատում է 5 կատեգորիայում՝ 27 ցուցանիշով. գործարար ակտիվություն, մարդկային կապիտալ, տեղեկատվական փոխգործակցություն, մշակութային փորձ եւ քաղաքական կյանք:
A.T. Kearney-ի մեկ այլ վարկանիշում, որում զարգացման առավելագույն պոտենցիալ ունեցող մեգապոլիսներն են (Global Cities Outlook), առաջին տեղում Սան Ֆրանցիսկոն է, երկրորդ եւ երրորդ տեղերում, համապատասխանաբար, Նյու Յորքն ու Բոստոնը: Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգն այս վարկանիշում 35-րդ եւ 45-րդ հորիզոնականներում են:
Global Cities Outlook-ի լավագույն տասնյակում հայտնվել են նաեւ Լոնդոնը, Հյուսթոնը, Ատլանտան, Ստոքհոլմը, Ամստերդամը, Մյունխենը եւ Ցյուրիխը:




























