ՀԱՊԿ տարածքի անմիջական մոտակայքում իրավիճակի ցանկացած ապակայունացում եւ առավելս եւս զինված հակամարտություն սպառնալիք է կազմակերպության բոլոր անդամների համար: Այս մասին հունիսի 8-ին՝ Երեւանում ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք անուշադրության չենք մատնում նման երեւույթները»,- ասել է Բորդյուժան՝ պատասխանելով ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին հարցին: Միաժամանակ նա առանձնացրել է իրադրության կարգավորման եւ լուծում գտնելու հարցում Ռուսաստանի ակտիվ դերը:
Բորդյուժայի խոսքով՝ ՌԴ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարի ակտիվությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ դաշնակցի արարք: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն չի սպառվում քարտուղարությամբ. այն 6 պետություն է ներկայացնում, ընդ որում, ազդեցության կարեւորագույն գործոնը քաղաքական լծակն է:
«ՀԱՊԿ դերը պետք է դիտարկել այդ տեսակետից: Մեր գլխավոր հաղթաթուղթը քաղաքական ազդեցությունն է: Դրա ներուժը գործի է դրվել ամբողջ ծավալով»,- ասել է Բորդյուժան:





























