Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն ապրիլին տարեկան կտրվածքով կրճատվել են 10.3 մլն դոլարով կամ գրեթե 9%-ով: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվար-մարտին, ոչ մեծ աճ էր արձանագրվել՝ 0.4 մլն դոլարի կամ 0.1%-ի չափով: Սակայն ապրիլին բազմամիլիոնանոց անկումը հարվածեց այդ խորհրդանշական աճին:
Անցյալ տարին Հայաստանի համար նշանավորվեց փոխանցումների հսկայական անկմամբ՝ 0.52 մլրդ դոլար: Այդ պատճառով, լիարժեք պատկեր ներկայացնելու համար, համեմատությունը ներկայացնենք «նախաճգնաժամային» 2014 թվականի հետ:
Երկու տարվա ընթացքում ապրիլյան փոխանցումները կրճատվել են 62.9 մլն դոլարով կամ 37.6%-ով: Ընդ որում, Ռուսաստանից փոխանցումների անկումը կազմել է 64.1 մլն կամ 49.2%: Եթե երկու տարի առաջ դրամական փոխանցումների ընդհանուր գումարում Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցում էր 75%-ը, ապա ներկայում այն չի հասնում նույնիսկ 60%-ի:
Երկու տարի առաջ ամերիկյան դոլարը մեր հյուսիսային հարեւանի մոտ դիրքերն ամրապնդել էր գրեթե 1.9 անգամ: Ապրիլին Ռուսաստանից դոլարային արտահայտությամբ դրամական փոխանցումների գումարը կրճատվել է 2.0 անգամ: Այստեղից պարզ է դառնում, որ այդ փոխանցումների դինամիկայի վրա ազդել է նաեւ Ռուսաստանում դոլարի փոխարժեքը:
Փոխանցումների հետ կապված խնդիրները հանգեցրին միանգամայն սպասելի երեւույթի: Դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների եկամուտի կրճատումը հանգեցրեց նրանց ծախսերի համարժեք նվազման, այդ թվում՝ ապրանքներ գնելու մասով: Դրա հետեւանքով անցյալ տարվանից երկրում մանրածախ առեւտրի ոլորտում լուրջ հետընթաց նկատվեց: Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները սկսեցին կրճատվել:
Ապրանքներ վաճառքի դինամիկայի վրա դրամական փոխանցումների պոտենցիալ ազդեցության աստիճանը ներկայացնելու համար պարզ հաշվարկ կատարենք: Չնայած հունվար-ապրիլին գրանցված անկմանը՝ դրամով արտահայտված փոխանցումների գումարը մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի նկատմամբ հսկայական մեծություն է կազմել՝ շուրջ 54%: Բնականաբար, փոխանցումներում անկումն ազդում է ոչ միայն մանրածախ առեւտրի ոլորտի վրա, այլեւ շատ ավելի ընդարձակ բացասական հետեւանքներ է ունենում:
Սմբատ Գրիգորյան



























