«Կարող եմ ասել, որ բանակցային գործընթացում մեր ջանքերն արդեն իրենց առաջին արդյունքներն են տալիս: ԼՂ ժողովուրդը կարող է ապրել բարձր ինքնավարության կարգավիճակով` միասնական Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում»,- երեկ իֆթարի արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նշելով, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ձեռք բերված տեղաշարժերը Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության արդյունքն են:
Այնուհետեւ Ալիեւը թվարկել է այն սկզբունքները, որոնք, ըստ իրեն, ընկած են խնդրի լուծման հիմքում: «Մենք միշտ ասել ենք եւ այսօր նույնպես ասում ենք, որ հարցը կարող է լուծվել միայն փուլ առ փուլ: Բոլոր շրջանները հաջորդաբար ազատվելու են, մեր հայրենակիցները վերադառնալու են այդ շրջաններ: Այնտեղ վերականգնվելու է ողջ ենթակառուցվածքը, եւ հաջորդ փուլում սահմանվելու է ԼՂ իրավական կարգավիճակը: Մենք միշտ հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, պետք է կարգավիճակ ունենա, սակայն մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս եւ երբեք դրա հետ չենք համաձայնի»,- հայտարարել է Ալիեւը:




























