Եզդիների ու հայերի դարավոր բարեկամությունը անխախտելի է, ինչը նորից ապացուցվեց ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Այս մասին հայտարարել է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հունիսի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով ղարաբաղյան պատերազմի ընթացքում 36 եզդի է զոհվել, իսկ ապրիլին՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերից 5-ը եզդի էին:

Անդրադառնալով եզդիների ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծին՝ Ազիզ Թամոյանը նշեց, որ նախաձեռնությունը ողջունելի է: «Նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է առաջադրել այդ օրենքի նախագիծը»,- նշեց Թամոյանը: Նրա խոսքով կարեւոր է, որ Թուրքիան գիտակցի, որ իրեն չի հաջողվի բնաջնջել հայերին, եզդիներին ասորիներին, հրեաներին ու հույներին: «Եղել են սարսափելի կոտորածներ: Դա ապացուցված է, մենք ունենք բոլոր փաստերն ու փաստաթղթերը, որոնք վկայում են այդ մասին»- հավելել է Ազիզ Թամոյանը: