Հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը խախտվել է հենց Ռուսաստանի շնորհիվ, եւ դա շարունակվում է։ Այս մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի զենք վաճառելը եւ պաշտոնապես հայտարարելը, թե դա շարունակվելու է, խախտել է նախքան 2014–ը  հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ եղած ռազմական հավասարակշռությունը։ «Անցյալ տարի համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն՝ Հայաստանին իբր թե 200 մլն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրվում։ Այդ գումարով մենք պետք է ժամանակակից զենք գնեինք եւ վերականգնեինք խախտված բալանսը։ Սակայն պարզ չէ, թե կիրականացվեն արդյոք այդ սպառազինությունների մատակարարումները։ Ես վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,– նշել է Փոստանջյանը եւ հավելել, որ մենք պետք է հասկանանք, որ միակողմանի քաղաքականությունը չի բխում մեր շահերից։

«Ընդհակառակը, մենք չպետք է զիջենք մեր ինքնիշխանությունը»,– հավելել է Զարուհի Փոստանջյանը։