«Ռոստելեկոմը» Corn Pop Cinema-ի հետ համատեղ իրականացնում է նոր՝«Բացօթյա էկրան» ամառային անակնկալ նախագիծն ընտանեկան հանգստի սիրահարների համար։
Հունիսի 15-ից սկսած՝ ամեն օր (բացի երկուշաբթի օրերից), ընկերությունը բոլոր կինոսիրահարների համար կազմակերպում է բացօթյա կինոդիտումներ Երեւանի սրտում՝ Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարեւանությամբ)։
«Ռոստելեկոմի» «Բացօթյա էկրան» նախագիծը հնարավորություն է ընձեռում վայելելու ամառային երեկոները ընկերների եւ ընտանիքի անդամների հետ՝ դիտելով համաշխարհային կինո եւ մուլտարտադրության վերջին նորույթները։
Նախագծի մեկնարկը կտրվի հունիսի 15-ին, ժամը 20։00-ին՝ շատերի կողմից արդեն իսկ սիրված «Зверополис» մուլտֆիլմի ցուցադրությամբ։
«Բացօթյա էկրան» նախագիծը ամառվա ամիսներին ցուցադրություններ է նախատեսում նաեւ ՀՀ այլ՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջեւան եւ Արմավիր քաղաքներում։
Առաջիկա ցուցադրության մասին տեղեկատվությունը (ցուցադրվելիք ֆիլմի անվանումը) կտեղադրվի ընկերության ֆեյսբուքյան էջում, եւ «Բացօթյա էկրան» նախագծին մասնակցել ցանկացողները կկարողանան նախապես տեղեկանալ ֆիլմերի մասին։
«Ռոստելեկոմի» բացօթյա կինոթատրոնի մուտքն անվճար է։
«Ռոստելեկոմը» Հայաստանում իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում նախատեսել է բարեգործական ցուցադրություններ կազմակերպել նաեւ մանկատների եւ խնամքի կենտրոնների սաների համար։
Ընկերությունը սիրով հրավիրում է բոլորին հաճելի կինոդիտումների մասնակիցը դառնալու։





























