Իրաքի Շանգալ քաղաքից Հայաստան տեղափոխված 19 եզդի փախստականները վերադարձել են Իրաք: NEWS.am-ի հետ զրույցում  «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ Հայաստանում ապաստանած եզդի երեք ընտանիքներից երկուսը վերադարձել է Իրաքի Շանգալ քաղաք, իսկ մյուսը` Էրբիլի փախստականների ճամբար:

«Ընտանիքները՝ Համեմ Իբրահիմի, Ղշար Ղանըմի, Թարըխ Բըշարի եւ Ռաշու Խալաֆի, բոլոր 19 անդամներն էլ մեկ շաբաթ առաջ վերադարձել են Իրաք: Երկու ընտանիքը, որոնք ապրել են Իրաքի Շանգալ քաղաքում, այն ազատագրելուց հետո իրենց տներն են վերադարձել, իսկ մյուս ընտանիքը եզդիների ճամբար` հավանաբար այնտեղից Եվրոպա գնալու ակնկալիքով»,-ասաց Բորիս Մուրազին:

Նա նշեց, որ եզդիները Հայաստանից հեռացել են ոչ թե վատ սոցիալական պայմաններից պատճառով, այլ իրենց բնակավայր են վերադարձել այն կրկին շենացնելու համար. «Այստեղ հացի խնդիր չունեին, սոցիալական պայմաններն հաստատ ավելի լավ էին, քան այնտեղ: Ուղղակի, քանի որ իրենց քաղաքն արդեն ազատագրվել է, ցանկացել են վերադառնալ իրենց հողը, իսկ այն մի ընտանիքը, որը ճամբար է գնացել, հավանաբար Եվրոպա հասնելու մտադրություն ունի: Ամեն դեպքում այստեղ չեմ կարծում, որ սոցիալական լուրջ խնդիրներ ունեին, նրանք ստացել էին փախստականի կարգավիճակ, տրվել էր տուն, որտեղ ապրում էին, իրենցից մի քանիսն էլ աշխատանք ուներ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. հուլիսի 30-ին, Իրաքի Շանգալ քաղաքից «Սինջար» եզիդների ազգային միավորում ՀԿ-ի աջակցությաբ Հայաստան է տեղափոխվել 19 եզդի փախստական:

Նշենք, որ «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում եւ հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետեւանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի եւ ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել եւ տեղափոխվել Սինջարի լեռներ: