Միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ստահոդ եւ անհիմն մեղադրանքների  միակ նպատակն է միջազգային հանրության ուշադրության շեղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից։ ԱՅդ մասին հունիսի 13-ին Վիեննայում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։

Նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին նվիրված նախարարական հոբելյանական հանդիպմանը:

Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագրի 20-ամյակին նվիրված նախարարական հանդիպման նպատակն էր ամփոփել պայմանագրի ստորագրումից ի վեր անցած տարիների կատարված աշխատանքը եւ համաշխարհային հանրության ուշադրությունը կրկին հրավիրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման անհրաժեշտության վրա: Հանդիպման բանախոսներն անդրադարձան միջուկային փորձարկումների անդառնալի մարդասիրական բացասական հետեւանքներին` ափսոսանք հայտնելով պայմանագրի՝ մինչ օրս ուժի մեջ չմտնելու կապակցությամբ, եւ հորդորեցին պայմանագիրը դեռեւս չվավերացրած երկրներին անհապաղ միանալ միջազգային հանձնառությանը: Միեւնույն ժամանակ պատվիրակները մեծապես կարեւորեցին պայմանագրի շնորհիվ ձեւավորված համապարփակ վերահսկման եւ դիտարկման համակարգը, որը փաստացի նպաստում է փորձարկումների արգելմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում կարեւորեց նախապատրաստական հանձնաժողովի ստանձնած առաքելությունը եւ վերահաստատեց Հայաստանի՝ պայմանագրի լիարժեք եւ համընդհանուր իրականացման հանձնառությունը: Փոխնախարար Հովակիմյանը գոհունակություն հայտնեց 2005 թվականից Գառնիում տեղակայված օժանդակ սեյսմիկ կայանի գործունեությանն աջակցելու կապակցությամբ, որը ընդգրկված է միջազգային վերահսկողության համակարգում եւ արբանյակի միջոցով տվյալներ է փոխանցում Վիեննայի կենտրոնակայան, ուր դրանք ամփոփվում են եւ օգտագործվում սեյսմիկ իրադարձությունների արձանագրման, տեղայնացման եւ բնութագրման համար:

Աշոտ Հովակիմյանը վերահաստատեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում բաց եւ թափանցիկ համագործակցություն իրականացնել բոլոր գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Նա անընդունելի համարեց Հայաստանի կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի ենթադրյալ խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ստահոդ եւ անհիմն մեղադրանքները, որոնց միակ նպատակն է միջազգային հանրության ուշադրության շեղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից եւ քաղաքացիական բնակչության դեմ կատարված ոճրագործություններից: