Այսօր՝ հունիսի 15-ին, երեկոյան ժամը 19-ին վերսկսվելու են քննարկումները Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այն տեղի է ունենալու 4+4+4 ձեւաչափով, որին մասնակցելու են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ամենայն հավանականությամբ լինելու են այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին նախորդ քննարկումներին:
Տեղեկություններ կան, որ կողմերի միջեւ որոշ հարցերի շուրջ արդեն կոնսենսուս ուրվագծվում է, խոսքը, մասնավորապես, վերաբերում է 10 մատի մատնահետք վերցնելուն:
Նշենք, որ Ազգային ժողովում նախկինում 4+4+4 ձեւաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության գալու:
Ընդդիմության կողմից առաջարկվող հինգ կետերն են՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները, ընտրական ընտրացուցակներից հանել Հայաստանից բացակայող անձանց անունները, թանաքոտել քվեարկությանը մասնակցող անձանց մատները, ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ եւ ապահովել ուղիղ հեռարձակում, ինչպես նաեւ ամրագրել կետ, որ ԱԺ ընտրությունները պետք է լինեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով՝ բացառելով ռեյտինգային ցուցակների առկայությունը:





























