Հունիսի 16-ին, տեղական ժամանակով 22:00-ին հայտնի կդառնա բազային դրույքաչափի մասին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումը: Առայժմ հայտնի չէ, դրույքաչափը կբարձրացվի, թե՞ նախկին մակարդակի վրա կմնա:

Այդ որոշումից շատ բան է կախված, այդ թվում՝ նավթի համաշխարհային գները: Այնպես որ՝ հասկանալի է ԴՊՀ-ի որոշման հանդեպ նավթ արդյունահանող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետաքրքրությունը: Վերջինը, ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիայից հետո նավթի հումքի արտահանման ծավալով երկրորդ տեղում է:

Սաուդյան Արաբիայի պետբյուջեի եկամուտներում նավթի արտահանման մասնաբաժինը կազմում է 90-95%:

Սակայն սաուդյան ռիալի փոխարժեքը, ի տարբերություն ռուսական ռուբլու, բավական կայուն է: Վերջին վեց ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ սաուդյան ռիալի փոխարժեքը նվազել է... 0.1%-ով: Այսինքն՝ գրեթե նույն մակարդակին է մնացել: Իսկ Ռուսաստանում անկումը նույն ժամանակահատվածում կազմել է 4.5%:

Ռուսաստանից արտահանվում է արտահանվող նավթի շուրջ կեսը (անցյալ տարի՝ գրեթե 46%): Բայց նաեւ արտահանվում են մեծ քանակությամբ նավթի հումքից ստացվող այլ արտադրանք եւ էներգակիրներ:

Ռուսաստանի արտահանման ծավալներում վառելիքա-էներգետիկ ռեսուրսների ընդհանուր տեսակարար կշիռն անցկալ տարի կազմել է 61%: Սակայն նավթի հումքի մասնաբաժինը կրճատվել է՝ հասնելով 26%-ի, համաշխարհային գների կտրուկ անկման հետեւանքով:

Ռուսաստանի ԿԲ-ն օրերս նշեց նավթի տատանումների նկատմամբ ՌԴ-ի տնտեսության կայունության աճի մասին: Այս տեսանկյունից չի բացառվում նաեւ նավթի համաշխարհային գների պատճառով ռուսական ռուբլու փոխարժեքի որոշակի թուլացումը: Մեր հաշվարկներով՝ 2013-2015 թվականներին նավթի Brent տեսակի միջին ամսական գնի եւ Ռուսաստանում դոլարի փոխարժեքի կապը հասել է 0.98-ի (ինչը բավական մեծ ցուցանիշ է): Ընթացիկ տարվա հունվար-մայիսին այդ ցուցանիշը, չնայած բավական բարձր է մնացել, այնուամենայնից նվազել է՝ հասնելով 0.92-ի:

Ավելի վաղ նշվում էր, որ Հայաստան «ռուսական» դրամական փոխանցումները հոսքը կրճատվել է՝ Ռուսաստանում դոլարի դիրքերի ամրապնդման հետեւանքով: Այժմ, նավթի համաշխարհային գների որոշակի կայունացման ֆոնին, ռուսական ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումները բացառվում են: Այնպես որ՝ «ռուսական» դրական փոխանցումների դինամիկան հիմնականում կախված կլինի այլ գործոններից:

Սմբատ Գրիգորյան