Այն, որ քաղաքական ուժերը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ եկել են ընդհանուր համաձայնության եւ ստորագրել մի կարեւոր հայտարարություն, արդեն խոսում է մի կարեւորագույն փաստի մասին, որ Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը զիջեց այն հարցերի շուրջ, որն ի սկզբանե անընդունելի էր համարում, մասնավորապես տասը մատի մատնահետքը վերցնելու առաջարկը, նա պատասխանեց. «Արդյունքի հասնելու համար երբեմն պետք է գնալ փոփոխությունների: Սա այն դեպքն էր, որտեղ իշխանության կամ ընդդիմության կապրիզը դրվեց երկրորդ պլան, առաջնային էր հանրության եւ պետության շահը, իսկ այդ շահը պահանջում էր, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը հետ կանգնեն իրենց նախնական մաքսիմալիստական տարբերակներից եւ գնան փոխզիջումների»:
Նշենք, որ հունիսի 16-ի երեկոյան ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, որոնք Ազգային ժողովում երկու օր մասնակցում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցություններին, ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն։
Նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է մայիսի 25-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի սկզբին:





























