Ուզբեկստանի հետ Հայաստանի առեւտրի շրջանառությունը նախորդ տարում կազմել է 4 մլն դոլար։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Մինսկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ կիրառելու մասին» արձանագրության քննարկման ժամանակ Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։
«2015թ․-ի ընթացքում մենք արտահանել ենք 2,4 մլն դոլարի ապրանք։ Ամենաշատն արտահանում ենք Հայաստանում արտադրվող դեղամիջոց։ Ուզբեկստանից Հայաստան է ներմուծվել ամենաշատը մարդատար ավտոմեքենա»,- ասաց Գարեգին Մելքոնյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե այս արձանագրության հաստատմամբ ինչ փոփոխություն է լինելու առեւտրի բնագավաում։ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ այս արձանագրությամբ նույնականացվում է ԵՏՄ անդամների առանձին վերցրած եւ այլ երկրների միջեւ։
«Եվ Ռուսաստանը, եւ Ղազախստանը, եւ Բելառուսն արդեն իսկ Ոզբեկստանի հետ սահմանել են ազատ առեւտրի համաձայնագրի ռեժիմ եւ Հայաստանն էլ է միանում դրան, քանի որ մեզ նպատակահարմար է»,- ասաց Գարեգին Մելքոնյանը։





























