Ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության հետ ձեռք բերված կոնսենսուսին:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ երեկոյան Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների միջեւ:

«Ժառանգությունը»՝ լինելով «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն այդ դեպքում կապահովվեր «մեկ ընտրող-մեկ քվեարկություն-արձանագրություններում՝ մեկ քվե» շղթան:

Ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում: Ընտրությունները կամ ապահովում են գործընթացի ազատությունը, արդարությունը եւ թափանցիկությունը, կամ՝ ոչ, այստեղ «կիսա» չի կարող լինել:

Գտնում ենք, որ ներկայացված Ընտրական օրենսգիրքն ակնհայտ մեծամասնական բաղադրիչ ունի եւ հերթական անգամ ծառայելու է ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը: 

Հաշվի առնելով այս ամենը, «Ժառանգությունը» հայտարարում է, որ կոնսենսուս ձեռք բերված չէ»:

Նշենք, որ հունիսի 16-ի երեկոյան ընդդիմադիր եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, որոնք Ազգային ժողովում երկու օր մասնակցում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցություններին, ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն։

Նոր Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է մայիսի 25-ին: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի սկզբին: