ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: