Եթե ֆինանսավորման հարցը չլուծվի Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսի համաձայնագիրը առ ոչինչ է: Այս մասին «Արմենիա TV»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե մարդիկ ավելի շատ վստահում են այս մեխանիզմին, ապա ողջամիտ է դա ընդգրկելը ԸՕ-ում:
Դիտարկմանը, որ դա ենթադրում է ID քարտերի բաժանում ամբողջ ազգաբնակչությանը, մատնահետքեր, ինչը լուրջ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է ստեղծում, Դավիթ Հարությունյանն արձագանքել է, որ կա մի կարեւոր նախապայման. այս համաձայնությունը նախատեսում է Կոպիտ գնահատականով՝ մոտ 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս: «Եթե մեզ հաջողվի պարզել մոտակա երկու շաբաթվա ընթացքում, որ մենք ունենք ֆինանսավորում, ապա միանշանակ մենք գնում ենք այդ ճանապարհով եւ վստահ ենք, որ թեեւ մեծ դժվարությամբ, բայց կհասցնենք կյանքի կոչել այս մեխանիզմը:Իսկ եթե չեղավ, ապա մենք պետք է այսօրվանից շատ լարված աշխատենք, որպեսզի գործող ԸՕ-ի մեխանիզմը եւս կյանքի կոչենք:
Եթե հուլիսի 1-ին չունենանք վերջնական լուծումները, որ գնում ենք այս ճանապարհով, կնշանակի կգնանք հին ճանապարհով, կշարունակենք կյանքի կոչել գործող ընտրական օրենսգիրքը, եւ եթե ենթադրենք, որ 10 օրվա ընթացքում դրանց հետո լուծումները լինեն, ապա կնայենք՝ հնարավո՞ր է արդյոք կյանքի կոչել, որովհետեւ յուրաքանչյուր օր անգնահատելի ժամանակ ենք կորցնում, յուրաքանչյուր օր ավելի դժվարեցնում է այս մեխանիզմները կյանքի կոչելը»,-ասաց նա:
Նրա խոսքով թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, համատեղ դիմելու են դոնոր հանրությանը, որպեսզի ֆինանսավորվեն այդ նորամուծությունները:
«Այնուամենայնիվ, եթե ֆինանսավորում չեղավ, ապա այդ համաձայնությունն առ ոչինչ է: Այն կյանքի կկոչվի, իհարկե, ոչ այս ընտրություններին, ոչ էլ 17թ., այլ 22թ-ին»,-ընդգծել է նա:





























