Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները, որոնք ավարտվեցին կենսենսուսով, ընդամենը Բաղրամյան 26-ում մեկնարկած ֆոտոսեսիայի շարունակությունն էր, որի մեջ ընդգրկվեց եւս մեկ քաղաքական ուժ՝ ի դեմս ՀԱԿ-ի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Կոնսենսուս չէր կարող լինել այս Ընտրական օրենսգրքի շուրջ։ Բոլորիս ցանկությունն էր, որ  Հայաստանի Հանրապետությունը լիներ մեկ ընտրական տեղամաս, ու  քաղաքական ուժերի մեջ լիներ իրական մրցակցություն, նաեւ լիներ այն մոդելը, որով բացարձակ վերացնում էինք մեծամասնական ընտրակարգը: Փաստորեն, դա կյանքի չի կոչվելու։ Այն, ինչ որ արվում է, դրան չի նպաստելու, դրա վառ ապացույցն է այն, որ 13 ընտրատարածք շարունակելու է գործել, ու իշխանությունը փորձելու է վարչական ռեսուրսի կիրառմամբ այդ օլիգարխիկ համակարգի միջոցով այս անգամ վերցնել 50 տոկոս ձայն»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝  իշխանության եւ ընդդիմության միջեւ արձանագրված փոխհամաձայնությունը ընդամենը Բաղրամյան 26-ում մոտ մեկ տարի առաջ մեկնարկած ֆոտոսեսիայի շարունակությունն էր։

«Դուք գիտեք, որ Սահմանադրական փոփոխությունների, հետեւաբար նաեւ  Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Բաղրամյան 26-ում  բոլորը անցկացրեցին ֆոտոսեսիա, այս կոնսենսուսը ֆոտոսեսիայի շարունակությունն է, որի մեջ ընդգրկվեց  նաեւ մեկ քաղաքական ուժ՝ ի դեմս ՀԱԿ-ի»։

Հարցին, թե իր կարծիքով, ՀԱԿ-ին եւ մյուս ուժերին ինչ է տալու այդ կոնսենսուսը, Փոստանջյանը պատասխանեց․ «Նրանք, ովքեր որ վազում էին ֆոտոսեսիայի, իրենց պետք է հարցնել՝ ինչ։ Մենք ասացինք՝ մենք մերժում ենք, եւ այն գործընթացը, որը սկսվել էր, միտված չէ մեր պետությանը։ Այս փոփոխություններով 75 տոկոսով վստահությունը չի վերականգնվելու, ինչպես պնդում է ՀԱԿ-ը, ընտրական գործընթացների նկատմամբ։  Այս ընտրական օրենսգրքով ամրագրվեց, որ  քաղաքական մենաշնորհի ձեւաչափը շարունակում է մնալ։ Չի վերանալու քաղաքական մենաշնորհը այս օրենսդրությամբ, որն արդեն իսկ ամրագրված էր»։