Վենեսուելայի բնակիչները, որտեղ իրադրությունը ծայրահեղ ծանր է ապրանքների դեֆիցիտի, գնաճի եւ պետության եկամուտների կրճատման ֆոնին, սկսել են հուսահատ միջոցների դիմել՝ սնունդ հայթայթելու համար: Այս մասին գրում է The New York Times-ը:

Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում ավելի քան 50 պարենային բողոք է եղել եւ զանգվածային գողություն արձանագրվել: Տասնյակ ձեռնարկություններ թալանվել կամ ոչնչացվել են, առնվազն 5 մարդ զոհվել է, այդ թվում՝ 4-ամյա աղջնակ:

Երկրում սնունդը տեղափոխում են զինված թիկնապահների ուղեկցությամբ: Զինվորները պահպանում են հացի գործարանները, իսկ ոստիկանները ռետինե փամփուշտներ են օգտագործում՝ մարդկանց ամբոխը ցրելու համար, որոնք հարձակվում են մթերային խանութների եւ դեղատների վրա: Սակայն բնակիչները մտադիր չեն դադարեցնել պայքարը:

NYT-ը հետեւյալ վիճակագրությունն են ներկայացնում. Վենեսուելայի բնակիչների 87%-ը գումար չունի բավականաչափ մթերք գնելու համար, իսկ շուրջ 72%-ի ամենամսյա աշխատավարձը միայն ուտելիքի է բավականացնում:

Ըստ Gazeta-ի, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ խանութների վրա հարձակումների հետեւում ընդդիմությունն է կանգնած, որը սոցիալիստ ղեկավարի պաշտոնանկության համար հանրաքվե անցկացնելու կոչ է անում:

Բացի այդ, կառավարությունը գործարարներին մեղադրում է գները բարձրացնելու մեջ՝ արհեստական դեֆիցիտ ստեղծելու եւ ավելի շատ շահույթ ստանալու համար: