Պակիստանում կոշիկի խանութի վաճառողին ձերբակալել են հինդուիզմի խորհրդանիշ «օմ» նշանով հողաթափեր եւ բոկոտիկներ վաճառելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Տանդո-Ադամ քաղաքում բնակվող հինդուականները դիմել են ոստիկանություն՝ բողոքելով խանութի վաճառող Ջահանզեյբա Կհասկհիլիի դեմ, որը սրբազան մանտրայով կոշիկ է վաճառում: Նրանք նշել են, որ վաճառականը սրբապղծություն է կատարել եւ պետք է պատժվի Պակիստանի օրենքներով:

Ոստիկանությունն ընդունել է պահանջների օրինականությունը, սակայն նշել է վաճառականը համագործակցել է հետաքննության հետ եւ հայտարարել, որ չի ցանկացել վիրավորել որեւէ մեկի զգացմունքները: Արդյունքում նա անմեղ է ճանաչվել, սակայն որոշվել է հետաքննություն սկսել կոշիկ արտադրողի դեմ:

Պակիստանում սրբապղծության համար խիստ պատիժ նախատեսող օրենքներ են գործում: Օրինակ՝ Ղուրանն անարգելու համար ցմահ ազատազրկում է նախատեսվում, Մուհամմեդ մարգարեին վիրավորելու համար՝ մահապատիժ: