Այն տղամարդու մոտ, որին Բրյուսելի իրավապահ մարմինները ձերբակալել էին City 2 առեւտրի կենտրոնում ահաբեկչության վտանգի կապակցությամբ, պայթուցիկ չի հայտնաբերվել, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Զննումից հետո պարզվել է, որ այն գոտին, որը կար կասկածյալի մոտ, ոչ մի վտանգ չի պարունակում: Բացի դրանից առեւտրի կետրոնի շրջակայքում էլ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Բելգիայի ճգնաժամային կենտրոնի թվիթեր էջը տեղեկացնում է, որ անվտանգության միջոցառումների երրորդ մակարդակը դեռ շարունակում է գործել:

Ավելի վաղ հայտնել էին, որ տեղեկություն է ստացվել City 2-ում «կասկածելի իրավիճակի» մասին, որից հետո այնտեղ էին ժամանել ճգնաժամային կենտրոնի եւ պայթուցիկ սարքերի ոչնչացման ծառայության մասնագետները: Կասկածյալին անմիջապես ձերբակալել էին: