ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանը բավականին հագեցած էր,  ընդունվեցին կարեւոր օրենքներ: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «94 օրենք է ընդունվել, 20 միջազգային պայմանագրեր ենք վավերացրել: Կարեւորագույնը Ընտրական օրենսգրքի ընդունում էր` 102 ձայնով, որը լուրջ կոնսոլիդացիայի արդյունք էր: ԸՕ-ին հիմնականում ընդդիմադիր ուժերը կողմ քվեարկեցին, բացի «Օրինաց երկիր» խմբակցությունից»:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունումով տեղի ունեցավ շատ կարեւոր ձեռքբերում` երկու տարբեր ճամբարներում հանգրվանած քաղաքական ուժերի միջեւ. «Այս քաղաքական ուժերը կարողացան մի կողմ դնել իրենց քաղաքական ամբիցիաները եւ համաձայնության գալ ԸՕ-ի շուրջ: Սա ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական մշակույթը աստիճանաբար զարգանում է, կարողանում են ամենակնճռոտ հարցերի շուրջ նստել եւ բանակցել»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դժվարին պահերին քաղաքական ուժերը կարողանում են համախմբվել եւ կարելի է ասել, որ այդ առումով քաղաքական ուժերի հարաբերությունների մակարդակը բարձրացել է.

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց մեր առավելություններն ու թերությունները: ՀՀ բոլոր քաղաքական ուժերը միասնական էին` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Հայաստանի քաղաքական ուժերը ցույց տվեցին, որ գերակա շահը պետության ու ազգի շահն է»,- ասաց նա: