Երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ սկսվեն առարկայական բանակցությունները, կուժեղանա ճնշումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս մասին հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում նախագահների արած համատեղ հայտարարությունը վկայում է որոշ համաձայնությունների մասին։ «Ժամանակ է պետք, որպեսզի մենք հասկանանք, թե որքանով այդ համաձայնությունները իրականություն կդառնան։ Երբ արդեն սկսվեն խնդրի կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները, կուժեղանա ճնշումը Ղարաբաղի վրա։ Պարզ է, որ համանախագահները կուզեն ինչ–որ կերպ գոհացնել Ադրբեջանին»,– ասել է Մանոյանը եւ հավելել, որ դա կարող է լինել համաձայնագիրը, առանց հիմնական սկզբունքների համաձայնեցման։  «Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները կարող են դառնալ ոչ թե փաթեթային, այլ վերջնական որոշում։ Մենք այդ որոշման հետ համաձայն չենք, քանի որ այն անժամանակ ենք համարում»,– ասել է Կիրո Մանոյանը։

Բացառված չէ, որ Ադրբեջանը վերջապես հանդես գա շփման գծում միջադեխերի հետաքննման մեխանիզմների օգտին, բայց դա միջազգային ճնշման հետեւանք կլինի։ «Այսինքն՝ հիմա ճնշում ավելի շուտ գործադրվում է Ադրբեջանի վրա, իսկ վերջում կգործադրվի Ղարաբաղի վրա»,– ասել է Կիրո Մանոյանը։