Պետերբուրգում նախօրեին կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումով ստվերեցին ու չեզոքացրին հետաքննության մեխանիզմների ներդրումը, քանի որ այդ դրույթը բացակայում էր այս անգամվա հայտարարությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ասվում է, որ առաջընթաց չէր սպասվում, բայց հանդիպումն, այդուհանդերձ, օգտակար էր, քանի որ բանակցելն ավելի ճիշտ է, քան դուռը շրխկացնելը: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:
Քաղաքական ու դիվանագիտական գործընթաց է, որտեղ պետք է փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եթե այդ աչքով նայենք, տեսնում են, որ գոնե ձեւականորեն Վիեննայի պայմանավորվածությունները ուժի մեջ են, անգամ պայմանավորվածությունները հստակեցվել են կապված դիտորդների հետ։ Եվ ամենաէականն այն էր, որ հայտարարվեց, որ արդեն համաձայնություն կա, որ Մինսկի խմբին զուգահեռ այս ձեւաչափով պետք է շարունակել բանակցությունները: Դա է նշվել պաշտոնական հայտարարության մեջ, որը բավականին էական բան է, որովհետեւ չեմ կարծում, որ դա Մինսկի խմբի անտեղյակությամբ էր պայմանավորված: Ըստ երեւույթին, դերերի բաժանման ինչ-որ նոր փուլ է սկսվել, եւ արդեն Ռոսաստանը պետք է կարգավորող ինչ–որ դեր ստանձնի: Թե ինչի մասին է խոսքը, ոչինչ չի ասվում, բայց բնական է, որ ինչ–որ բաներ պայմանավորվել են, եւ ժամանակն արդեն ցույց կտա, թե ինչով է զբաղված Պուտինն այս հարցում:
Կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբն, ըստ էության, հետ է քաշվում, եւ եթե այո, արդյոք դրա մեջ վտանգներ չկա՞ն։
Վտանգներ իհարկե կան։ Իրոնք հետ չեն քաշվում, ուղղակի պատասխանատվությունը Պուտինի վրա են դնում։ Սա տարբեր բան է, եւ դա իհարկե բավականին վտանգավոր է։ Երբ միասնական աշխատանք են տանում, միասնական էլ պատասխանատվություն կա, բայց այստեղ ապրիլյան պատերազմից հետո շատերի մոտ արդարացի մտավախություն կա, թե ինչ են պայմանավորվել: Հավատ չկա, եւ մարդիկ վտանգ են զգում նման հանդիպումներից։ Հիմա էլ անհասկանալի է, ի վերջո ինչով են զբաղված բանակցողները, ինչ են պայմանավորվել, ոչ ոք չգիտի: Վտանգն այն է, որ արդեն նոր դերեր են բաժանում, անհասկանալի է՝ ինչի համար: Ասում են, որ կոնկրետ ինչ-որ հարցերի շուրջ համաձայնել են, այստեղ-այնտեղ անհասկանալի մեսիջներ են թողնում, առանձին հայտարարություններ են անում։ Կոնկրետ գործընթնաց է գնում, որը փակ է հանրության համար։
Հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում նշվում է, որ կողմերը համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Սա ինչպե՞ս եք գնահատում եւ ինչո՞ւ է ուշանում Վիեննայում ձեռք բերված դրույթների իրականացումը:
Հիմա էդ որոշումը կա ու հատկանշական է, որ այս անգամ հետաքննությունների մեխանիզմների տեղակայման մասին չէր խոսվում։ Միջազգային դիտորդների թիվը, գրասենյակը մեծացնում են, բայց հետաքննությունների մեխանիզմների հարցը կարծես ստվերեցին ու չեզոքացրին: Այսինքն մեխանիզմների մասին համաձայնություն չկա ու չի էլ կարող լինել: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար առավել ձեռնտու էր նման ձեւաչափ տեղափոխել գործընթացը ու դա արվեց Գերմանիայի օգնությամբ։ Ադրբեջանի հիմնական խնդիրը հենց դա էր, որ չտեղադրվեն նման մեխանիզմներ։ Բաքուն ձեւական համաձայնություն տվել է, բայց, փաստորեն, այս հանդիպումը նրանց հնարավորություն տվեց խուսափել դրանից։ Հայաստանն էլ չգիտես ինչու համաձայնեց կամ աջակցեց դրան:
Որոշ փորձագետներ նշում էին, որ Ադրբեջանում «Ֆորմուլա-1» մրցաշարի ավարտից հետո հավանական է Ադրբեջանը սրի իրավիճակը շփման գծում եւ անգամ նոր պատերազմ հրահրի: Հիմա դեռ հանգիստ է, ձեր կարծիքով ինչու Բաքուն չի գնում սրման:
Պատերազմն ինքնանպատակ չի, այն շարունակություն ունի: Պատերազմի որոշում ընդունելը շատ ավելի էական բան է, քան ինքը՝ պատերազմը։ Անցյալ անգամ Ադրբեջաննն իր համար նպաստավոր իրավիճակ տեսավ եւ մեկ օրում պատերազմ սկսեց։ Դա կախված է նրանից, թե ինչ որոշումների են եկել, ինչ քաղաքական մթնոլորտ է ստեղծվել, պատերազմի նպատակահարմարությունը կա, թե չկա։ Այ դա է, որ պարզ չի, գաղտնի է մնում։ Թե չէ այնպես չէ, որ Ադրբեջանը պետք է պատերազմի մասին որոշում ընդունի իր ուզածով, այդպես չէ։
Այսինքն այս պահին դժվար է ասել՝ Ադրբեջանը հիմա կսրի իրավիճակը, թե ո՞չ։
Իհարկե, որովհետեւ մենք չգիտենք քաղաքական որոշումներն ու դիրքորոշումները։ Շատ է խոսվել, որ մինչեւ ապրիլյան պատերազմը արդեն այդ մթնոլորտը զգացվում էր։ Հիշո՞ւմ եք, ԵԽԽՎ-ում Սարսանգի հետ կապված բանաձեւը, դրանից հետո անհասկանալի հայտարարություններ արվեցին ԱՄՆ–ում: Պարզ երեւում էր, որ դա խառնակչություն է, որը բերեց նրան, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց: Իսկ հիմա անորոշ է շատ, բայց ես չեմ կարծում, որ այդ անորոշությունը շատ մնա,մ որովհետեւ նոր մեսիջներ կան: Օրինակ ռուս վերլուծաբան Սատանովսկու հարցազրույցը մեսիջ է պարունակում։ Ռուսաստանում գործող ինստիտուտի ղեկավարը վեր է կենում-գալիս Ղարաբաղում ինտրիգը գցում, հետո հարցազրույց տալիս՝ Ադրբեջանին ասելով՝ ձեռք քաշեք Ղարաբաղից։ Սա Ադրբեջանին ուղղված ահավոր շանտաժ է ։ Դրանք մեսիջներ են, որոնք ազդում են այս կամ այն որոշումը ընդունելու վրա։ բայց մենք չգիտենք, թե ինչ նպատակով է արվում այդ շանտաժը: Հետո աստիճանաբար գալիս պարզվում է, թե ինչ նպատակով է դա արվել։




























