Վիեննայի հանդիպման ընթացքում մեր առաջարկություններն ու պայմանները նորից Սանկտ Պետերբուրգում դրվել են քննարկման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով նախօրեին կայացած Սերժ Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը:
«Ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սկսվել է, չեմ կարող: Եղել է հանդիպում, որը դրական քայլ է, քան պատերազմական վիճակը: Հանդիպման հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի պահպանումն է եւ ապահովումը, քանի որ առանց դրանց, բանանցային գործընթաց չի կարող լինել, բայց հայտարարել, որ բանակցային գործընթաց սկսվել է, չեմ կարծում»,-ասաց նա:
Գագիկ Մելիքյանը համաձայն չէ այն մեկնաբանությունների հետ, որ 800 հա տարածք գրավելուց հետո Ալիեւն ավելի ինքնավստահ է ներկայանում այս բանակցություններին: «Դրանք քաղաքական շահարկումներ են: Պետք է նշեմ՝ ինչ ձեռք բերեց կամ ձեռք չբերեց, պատմությունը կորոշի եւ խոսել հողերի հանձնել-չհանձնելու կամ գրավել-չգիավելու մասին, ես դրանք ժամանակավրեպ խոսակցություններ եմ համարում, քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ, իսկ չավարտված պատերազմի դեպքում առանձին հատվածների հանձնում կամ ընդունումը չեմ կարեւորում»:
Հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախագահները վերահաստատել են Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, նաեւ համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը: Նրանք նաեւ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները նման ձեւաչափով:





























