Մի խումբ երիտասարդներ՝ դեմքներին շոր կապած, փակել են երթեւեկությունը Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկում՝ Ինսուրխենտես պողոտայում:
Քաղաքի ոստիկանության հաղորդագրությամբ երթեւեկությունը փակվել է Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի ուսանողական քաղաքի շրջանում: Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցրել են մետրոբուսների երթեւեկությունը եւ դրանցից մեկի վրա կարգախոսներ նկարել: Նրանք նաեւ այրել են աղբամաններ, ծառեր, ջարդել հասարակական տրանսպորտի կանգառները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բողոքի պատճառը Օահակա նահանգում կատարված իրադարձություններ են, որտեղ ուսուցիչների ու ոստիկանության միջեւ ընդհարումներ էին եղել, ինչի հետեւանքով տարբեր տվյալներով՝ 10-13 մարդ էր զոհվել, ավելի քան 100-ը վիրավորում ստացել:
Օահակայում բախումները կիրակի են եղել: Բողոքների գլխավոր նպատակը կրթության բարեփոխումն է, որը նաաձեռնել էր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ու որը ենթադրում է կրթության ոլորտում աշխատանքի իրավունք տվող նորմերի խստացում:
Մեքսիկացի ուսուցիչները ու նրանց արհմիությունները վերջին տարիներին հզոր ուժ են դարձել, որը մասնակցում է զանազան հակակառավարական ակցիաների: Ուսուցիչները (Մեքսիկայում նրանց կեսը տղամարդ է) բազմիցս գրավել են իշխանության մարմինների շենքերը, բազմահազարանոց երթեր կազմակերպել Մեխիկոյում ու նույնիսկ արգելափակել երկրի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը:





























