Գերմանական Bild եւ Süddeutsche Zeitung պարբերականներն ուշադրություն են դարձրել Գերմանիայում Hermann Historica աճուրդի ժամանակ Ադոլֆ Հիտլերի անձնական իրերի գնորդի վրա, հայտնում է La Nacion-ը:
Միջոցառումը մամուլի համար փակ է եղել, սակայն լրագրողներից մեկը կարողացել է գնորդի անվան տակ ներս սողոսկել: Նրա խոսքով՝ աճուրդին ներկա է եղել 50 մարդ, որոնց թվում՝ երիտասարդ զույգեր, տարեցներ եւ դաջվածքներով սափրագլուխներ: Տղամարդը, որը 681 հազար եվրո էր ծախսել նացիստների իրերը գնելու համար, նստած է եղել 2-րդ շարքում, արտաքինից նա մոտ 40 տարեկան էր՝ հագին Ralph Lauren-ի պոլո վերնաշապիկ եւ ջինսե տաբատ:
Տղամարդը գրանցվել էր 888 աճուրդային համարի տակ, ինչի պատճառով լրագրողները զուգահեռներ են անցկացրել նացիստների շրջանում տարածված 88 թվի հետ, որով կոդավորված էր նացիստական ողջույնը:
Süddeutsche Zeitung-ը նշում է, որ 888 համարի տակ աճուրդում 2 տղամարդ է եղել, որոնք խոսում էին հարավամերիկյան ակցենտով եւ միանման էին հագնված:
Աճուրդից հետո լրագրողին հաջողվել է զրուցել տղամարդկանցից մեկի հետ, որն իսպանական ակցենտով անգլերենով ասել է, որ իրերը գնել է թանգարանի համար, սակայն չի հայտնել ո՛չ իր անունը, ո՛չ էլ թանգարանինը:
Լրագրողները նշում են, որ շատ նացիստներ ողջ էին մնացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ փախել Արգենտինա: Ուստի նրանք կասկածներ ունեն, որ նացիստական իրերը գնել են մասնավոր հավաքածուի համար:





























