N զորամասում, որտեղից ըստ մեղադրանքի՝ ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ Արտաշես Այվազյանը 17 մլն դրամի ապրանք է յուրացրել, փաստացի ոչ հաշվառում չի կատարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արտաշես Այվազյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Հայտնի չէ, թե ոնց է այդ 17 մլն դրամն առաջացել: Արտաշես Այվազյանն ասում է, որ ինքը պահեստն ընդունել է առանց հանձնաժողովի կողմից փաստացի ստուգում կատարելու պայմաններում: Ընդհանուր ստուգումներ չեն եղել, պահեստի վիճակն էլ բարվոք չի եղել: Ամեն ամիս պետք է փաստացի հաշվառում լիներ, սակայն ոչ մի ստուգում չի եղել, ավելին պահեստն այնքան մեծ է, որ մեկ հոգով հնարավոր չէ հաշվառում իրականացնել»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանի խոսքով՝ ավագ ենթասպան ընդունում է, որ հնարավոր է՝ անփութություն է թույլ տվել, սակայն ոչ յուրացում. «Եթե 17 մլն դրամի ապրանքը կորեր, ո՞նց կարող էր հրամանատարությունը չիմանար: Եթե Պաշտպանության նախարարությունն ասում է, որ պատշաճ հսկել է, երկու տարվա ընթացքում ո՞նց կարող էր չնկատել, որ այդ ծավալի ապրանք է կորել: Յուրացման վերաբերյալ էլ որեւէ ապացույց չկա, որ գույք է հանել պահեստից, վաճառել է, եկամուտ ստացել»:
Փաստաբանը նշեց նաեւ, որ թերի ապացույցներով գործն ուղարկվել է դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության` ավագ ենթասպա Այվազյանը, պատասխանատու լինելով պահեստում նյութական միջոցների առկայության եւ ժամանակին հաշվառման համար, պարտավոր լինելով հետեւել այդ միջոցների առկայությանը, բացառել դրանց պակասորդները, վարել պահեստում գտնվող նյութական միջոցների քանակական հաշվառում,այսինքն, հանդիսանալով վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքն օգտագործելով, պարբերաբար պահեստից դուրս է բերել իրեն հանձնված, պահեստում պահվող եւ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 17 մլն 550 հազար դրամին համարժեք տարբեր տեսակի մալուխներ, թիրախներ, ամբարձիչներ, մետաղական խողովակներ, յուղաներկեր, մետաղական ճոպաններ եւ յուրացրել:
Բացի այդ վերադաս հրամանատարության մոտ իր ծառայողական պարտականությունները անթերի, ճիշտ եւ ժամանակին զինծառայողի պատրանք ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր ամիս պահեստներում պահվող ապրանքանյութական արժեքների վերաբերյալ կազմել է ակնհայտ կեղծ տեղեկանք:
Արտաշես Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























