Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործում որպես մեղադրյալ կալանավորված, ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակված Արթուր Գեւորգյանի մայրը` Հասմիկ Սահակյանը, հունիսի 20-ին հարցաքննվել է հատուկ քննչական ծառայությունում: NEWS.am-ի տեղեկություններով, Հասմիկ Սահակյանին հարցաքննել են միջադեպի արդար քննության խնդրանքով ոստիկանապետին եւ ՀՔԾ պետին ուղղած նամակի վերաբերյալ:
Նշենք, որ Արթուր Գեւորգյանի եւ Գորիսի ոստիկանապետի միջեւ առերեսում է եղել:
Հիշեցնենք, որ ըստ` ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:





























