Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին տաքսու վարորդ Արսեն Խանամիրյանի սպանության մեջ մեղադրվող Վահրամ Վերանյանը ցուցմունք է տվել, որ Արսենն իրեն դեպքի օրը հետապնդել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Վերանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Արսենը բազմաթիվ անգամներ հետապնդել է Վահրամին, այդ օրն էլ Վահրամն իր երեխային մանկապարտեզ է տարել, հետո ընկերոջ հետ գնացել է մեքենան վերանորոգելու, նկատել է, որ էլի հետապնդում է Արսենն իրեն: Նախքան այդ Արսենը Վարամի հետ հաշվեհարդար էր տեսել, այնպես էր ծեծել, որ նրան ուղեղի ցնցումով հիվանդանոց էին տեղափոխել: Բարոյազրկել էր Վահրամին, նրա շրջապատի մարդկանց մոտ ասել` փչացրել եմ: Վահրամի ընկերուհուն էր զանգել սպառնացել, թե հեսա խռխռոցը կլսես: Դրա համար Վահրամը փորձել է վրեժխնդիր լինել Խանամիրյանի նկատմամբ, պատժել, փայտը ձեռքին է մոտեցել նրան: Արսենը փայտը ձեռքից խլել է, Վահրամը հասկացել է, որ վերջը գալու է, իր մոտն եղած դանակն է գործադրել»,- ասաց փաստաբանը:

Հովիկ Արսենյանը նշեց, որ Վահրամն ընկերոջ հետ է եղել, որը փորձել է հարթել իրավիճակը: 

Տուժող կողմի պնդումները, որ սպանվածի կինն ու Վահրամ Վերանյանը, որ նախկինում սիրային կապի մեջ են եղել, մինչեւ վերջերս հանդիպել են, զրուցել հեռախոսով, պաշտպանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում: Նրա պնդմամբ` սպանվածի կինն է պարբերաբար զանգահարել Վահրամ Վերանյանին, հետապնդել նրան:

«Տուժողի կինն է հետամուտ եղել Վահրամի նկատմամբ, նա է ստիպված է եղել աշխատանքը թողնել տուժողի տաքսի ծառայությունում: Հեռախոսային զանգերի վերծանումներից պարզ է դառնում, որ կինը զանգահարել է Վահրամին 2015թ. մարտից սկսած մինեւ վերջերս ու Վահրամը չի պատասխանել»,- ասաց պաշտպանը:

Հովիկ Արսենյանի խոսքով` դրա մասին է վկայում այն, որ տուժողի կինը  Վահրամ Վերանյանին երկու անգամ մեղադրել է չարած բանի համար:

«Երկու անգամ սուտ մատնություն է տվել: Մի անգամ ասել է, թե Վահրամն իրեն բռնաբարել է, մյուս անգամ էլ ասել է, որ թե իրեն դանակահարել է, հետո ցուցմունք է տվել, թե ամուսնու դրդմամբ է նման բան ասել»,- նշեց նա:

Փաստաբանն ասաց նաեւ, որ Վահրամ Վերանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ Արսեն Խանամիրյանին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Նշենք, որ սպանված 48-ամյա Արսեն Խանամիրյանի հարազատները պատահածում մեղադրում են նրա կնոջը: Ըստ մահացածի եղբոր՝ կինը՝ Ա. Դ-ն, արտաամուսնական կապի մեջ է եղել սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի հետ:

Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո կինը տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով: