ՀՀ հարկային օրենսգիրքը հիմնովին պետք է փոփոխվի: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Բավականին լուրջ նախաձեռնություն է, բավականին երկար ժամանակ այդ նախագծի վրա աշխատել են թե գործարար շրջանակների ներկայացուցիչները, թե կառավարության անդամները, թե Ազգային Ժողովի պատգամավորները: Ներկայացված նախագիծը բուռն քննարկման եւ քննադատության արժանացավ ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական գործիչների կողմից: Սակայն, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց առաջին ընթերցմամբ ընդունել, աշխատանքային խումբ ձեւավորել եւ մինչեւ հուլիսի 15-ը քննարկումներ իրականացնել աշխատանքային խմբի շրջանակներում` մասնագետների, բիզնեսի ներկայացուցիչների, քաղաքական գործիչների եւ կառավարության անդամների հետ միասին: Գտնել ընդհանուր եզրեր, քննարկման դնել բոլոր առաջարկությունները եւ ընդունելի առաջարկությունները տեղ կգտնեն երկրորդ ընթերցման ընթացքում եւ երկրորդ եւ երրորդ ընթերցման ընթացքում ՀՀ հարկային օրենսգիրքը կընդունվի այդ փոփոխություններով հանդերձ»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ նոր Ընտրական Օրենսգրքի ընդունմանը, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ այն ընդունվեց կոնսոլիդացիայի արդյունքում. «ԸՕ-ի ընդունումից հետո, առաջիկայում արտահերթ նստաշրջան կունենանք եւ կոնսենսուսով ընդունելի կլինեն ընդդիմադիր դաշտի կողմից առաջարկված առաջարկությունները` ընտրական գործընթացի տեսանկարահանման եւ առցանց հեռարձակմանը, ցուցակների հրապարակման եւ մատնահետքերով քվեարկության վերաբերյալ»,-ասաց նա:




























