Թեեւ դեռ հայտնի չէ Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետի ընտրությունների օրը, սակայն կուսակցություններն արդեն թեժ քննարկումներ են անցկացնում համախոհների հետ: Սա այն եզակի դեպքերից է, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերը մտադրվել են մասնակցել` խորհրդարանական ընտրություններից առաջ այն դիտարկելով ուժերի չափման հնարավորություն: Հենց այս  հանգամանքն էլ մի շարք քաղաքական ուժերի երկմտանքի մեջ է գցել, չեն կենտրոնանում միասնական  ցուցակով մասնակցե՞լ, թե սեփական, քանի որ միավորվելու դեպքում իրական ռեսուրսներն ու հնարավորությունները շոշափելը դժվար կլինի: Այսպիսով, գլխավոր մրցակիցները  համարվում են ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

Իշխող կուսակցությունը վերջնականապես կանգ է առել  մի քանի ճամբար փոխած, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության վրա, ինչի մասին  NEWS.am-ի հետ զրույցում նախօրեին գրեթե հաստատել էր  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս ասել էր, որ կա նման թեկնածու, սակայն քննարկումները դեռ չեն ավարտվել:  Հանրապետական կուսակցության կուլիսներում այդ թեկնածության անհրաժեշտությունը պայմանավորում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրած  պարտությամբ: Ասում են` իշխանությունը ռիսկի չի գնում եւ մասնակցում է մի թեկնածուով, որը քիչ թե շատ Գյումրիում  ձայն հավաքելու ռեսուրս ունի: ՀՀԿ-ում Բալասանյանից բացի այլ թեկնածուի անուն դեռեւս չի շոշափվում:

ԲՀԿ-ն, որը նախկինում մեծ ընտրազանգված է ունեցել Գյումրիում, այժմ դժվար իրավիճակում է հայտնվել: Իրենց նախկին կուսակից Բալասանյանն իշխանության ճակատում է հայտնվել, սա նշանակում է, որ Բալասանյանի ռեսուրսը  քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին: Բացի սրանից իշխանության  կողմն է անցել նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, որը մեծամասնական ընտրակարգով մշտապես հաղթել է Գյումրիում: Նախնական տեղեկություններով` ԲՀԿ-ն լքած Մարտուն Գրիգորյանը եւս սատարելու է իշխանության թեկնածուին: 

Կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը առաջադրել է կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանի թեկնածությունը, ինչին կատեգորիկ դեմ են ԲՀԿ-ականները, չի բացառվում, որ թեկնածուն փոխվի:

Գրիգորյանը մեզ հետ զրույցում քանիցս նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել, այդ իսկ պատճառով դեռեւս ասելիք չունի, թե ինչպես է դրսեւորվելու այս ընտրություններին: Նշենք, որ նա համարվում էր քաղաքապետի հավանական թեկնածու, սակայն  Բալասանյանի առաջադրվելուց հետո հօդս է ցնդել իր մտադրությունը:

ՀԱԿ-ում այս պահին քննարկում են նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության հետ միասնաբար մասնակցելու հարցը: Միավորվելու դեպքում, ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ԳԱԼԱ-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:  Սակայն դեռ վերջնական որոշում չկա: ՀԱԿ պատգամավոր  Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ հենց այս ուժի հետ էլ այս պահին քննարկում են մասնակցության ձեւաչափը:

ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու է գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Դաշնակցության ցուցակը կգլխավորի Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Ժառանգությունը մրցունակ թեկնածու է փնտրում: Օրեր առաջ Գյումրիում հանդիպում էր կազմակերպել կուսակիցների հետ եւ քննարկել թեկնածուների հարցը, կան տարբերակներ, սակայն դեռ վերջնական որոշում չունեն: 

ՏԻՄ ընտրությունները կարեւորում են նաեւ նորաստեղծ կուսակցությունները, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս թեկնածու չունի, «Լուսավոր Հայաստանը»` նույնպես:  Միայն Վանաձորում շրջանառվում է կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր` Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ նա էլ կառաջադրվի: Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ եղբոր թեկնածությունը ինքը չէ առաջադրել:

Նշենք, որ Գյումրիում եւ Վանաձորում  նոր Ընտրական օրենսգրքով լինելու են ավագանու ընտրություններ: Այսինքն` կուսակցությունները մասնակցելու են համամասնական ցուցակով, ավագանին էլ ընտրում է քաղաքապետին: Այս փոփոխությունն էլ բարդացրել է իրավիճակը, քանի որ անկուսակցական թեկնածուները չեն կարող մասնակցել մինչեւ չընդգրկվեն որեւէ  կուսակցության ցուցակում: