Սուդանի քաղաքացի Աբդուլ Հարունը, որն անցյալ տարվա ամռանը Մեծ Բրիտանիայում էր հայտնվել Լա Մանշի նեղուցի տակ 50 կմ երկարությամբ թունելը ոտքով հատելուց հետո, դատարանի դահլիճում ազատ է արձակվել, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դատավորը 9 ամսվա ազատազրկման դատապարտված սուդանցուն ազատ է արձակել, քանի որ կալանքից հետո նա արդեն բանտարկության մեջ անցկացրել է իր ժամկետի կեսը եւ վաղաժամ ազատության իրավունք է ստացել: Հարունը ճանաչել է իր մեղքը:

Աբդուլ Հարունը, լքելով զինված հակամարտությամբ բռնկված Սուդանը,  2015-ի օգոստոսի 4-ին Ֆրանսիայից մտել էր Մեծ Բրիտանիայի տարածք՝ համարելով, որ այդ երկրում իրեն ավելի հեշտ կլինի ապաստան ստանալ:  Նա մտել էր Լա Մանշի թունելը եւ 12 ժամում մթության մեջ հաղթահարել 50 կմ ճանապարհը: