Citigroup էներգետիկ շուկաների վերլուծության ծառայության ղեկավար Սեթ Քլեյմանը Ադրբեջանում նավթի արդյունահանման մակարդակի նվազում է կանխատեսում։
Փորձագետը կարծում է, որ ոչ մի նախանշան չկա, որ Նիգերիան, Վենեսուելան, Ալժիրն ու Լիբիան հանկարծ մոտ ժամանակներս Շվեյցարիա կդառնան, հայտնում է minval.az–ը՝ վկայակոչելով vestifinance կայքը։ Այդ երկրներից մատակարարումների էական աճի վրա հույս դնելու հիմքեր առանձնապես չկան։ Միայն Լատինական Ամերիկայում նավթի արդյունահանումը կրճատվել է 500 հազար բարելով։ Նա վստահ է, որ ԱՄՆ թերթաքարային ընկերությունների՝ «մեծ խաղ» վերադառնալու վրա հույս դնելը նույնպես շտապողականություն է, քանի որ նավթի մեկ բարելի դիմաց 50 դոլար գինը ընդամենը հոգեբանական նիշ է։
«Ալժիրը բավական անկայուն պետություն է, ինչպես Մերձավոր Արեւելքի բոլոր երկրները։ Նավթի արդյունահանման առումով Ադրբեջանը նույնպես անկայուն տեսք ունի, բացառված չէ արդյունահանության մակարդակի անկումը»,– ասել է Քլեյմանը։
Փորձագետը հիշեցրել է, որ ՕՊԵԿ դերը կզրոյանա, քանի որ Սաուդյան Արաբիան փաստացի միայնակ է խաղում եւ «Հեռանկար 2030» ռազմավարության շրջանակներում ոչ մի կերպ չի ուղղորդվում ՕՊԵԿ ներուժով։




























