Բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը facebook–ի իր էջում լուսանկար է տեղադրել Արցախում ապրիլին 2 ոտքը կորցրած 19-ամյա Դավիթ Գրիգորյանի հետ, որի երկու ոտքը պրոթեզավորել է։

Բժիշկը նկարի տակ մակագրել է. «Ժպտացող տղան»։ Այդ մականունով տղային կնքել են սոցցանցերի օգտատերերը, քանի որ հոսպիտալում արված բոլոր լուսանկարներում Դավիթը միշտ ժպտում է։

NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում Դավիթի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, պատմեց, որ Դավիթը դեռ ընտելանում է պրոթեզներին, բայց դրական է տրամադրված։ Տղան, որը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո բանակ էր գնացել, դեռ չի մտածում, թե կյանքում հետագայում ինչով է զբաղվելու։ Նրա միակ ցանկությունը հիմա նորից քայլելն է։

Ընտանիքն ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեւան գյուղում, եւ ամեն անգամ Երեւան հասնելը բավական դժվար է։ Նրա մայրը պլանավորում է դիմել մարզպետին՝ խնդրելով Երեւան գնալու համար տրանսպորտ տրամադրել։

Ավելի վաղ  խոսքով՝ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում Դավիթի մայրը հայտնել էր, որ Դավիթը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, որը դժվարությամբ է անցնում դռների արանքով: Նրա կյանքը մի փոքր թեթեւացնելու համար տան բոլոր դռները պետք է փոխել, իսկ դրանց բացվածքի լայնությունը՝ մեծացնել: Իսկ դա մեծ ծախսերի հետ է կապված, ինչն ընտանիքը չի կարող իրեն թույլ տալ:

Անգամ այն բանից հետո, երբ Դավիթին պրոթեզավորեն, սայլակի  անհրաժեշտությունը, միեւնույնն է, կլինի, քանի որ Դավիթին անհրաժեշտ կլինի նաեւ հանել պրոթեզները եւ տեղաշարժվել սայլակով: Այդ պատճառով դռների բացվածքը լայնացնելը ոչ թե ժամանակավոր միջոց է, այլ անհրաժեշտություն:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ

AMD 220151812629000

EUR 220151630070002

RUR 220151630203958

USD 220151633553001

Ստացող՝ Արմենուհի Հակոբյան