Կառավարությունն արդեն հաստատել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` 2011-ի բյուջեն, որը կուղարկվի Ազգային Ժողովի քննարկմանը: Եկող տարվա ֆինանսական ցուցանիշների եւ հատկապես սոցիալական ոլորտում նախատեսվող փոփոխությունների մանրամասներին տեղեկանալու նպատակով «Ազգ»-ը զրուցել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Բյուջեի ծախսերը որքա՞ն են կազմելու, եւ գերակայությունները որո՞նք են լինելու:
Ծախսերը կկազմեն 998 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է գերակայություններին, ապա դրանք մեր երկրի համար այնպիսին են, որ իշխանության ղեկին գտնվող ոչ մի քաղաքական ուժ դրանք չի փոխի, քանի որ մենք դատապարտված ենք ունենալ այդ գերակայություները: Մասնավորապես, երկրի պաշտպանության եւ սոցիալական ոլորտները դեռ երկար ժամանակ լինելու են մեր գերակայությունները:
Ինչպե՞ս կփոխվեն թոշակները, աշխատավարձերը, նպաստներն ու սոցիալական այլ ցուցանիշներն այդ ավելացումների արդյունքում 2011-ին:
Հանրապետության նվազագույն աշխատավարձը 30 հազար դրամից կդառնա 32,5 հազար դրամ, մշակույթի ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը բարձրացվելու է 15 տոկոսով: Մասնավորապես, գրադարանների աշխատողների միջին աշխատավարձը 54,6 հազար դրամից դառնալու 62,8 հազար դրամ, թանգարանների աշխատողներինըՙ 50,9 հազար դրամիցՙ 58,5 հազար դրամ, մշակույթի տների աշխատողներինըՙ 40,5 հազար դրամից 57 հազար դրամ:
Կենսաթոշակի միջին չափը 25 հազար 738 դրամի փոխարեն 2011-ին կդառնա 28 հազար 396 դրամ: Միջին կենսաթոշակն ավելանալու է մոտ 2600 դրամով: Ընտանեկան նպաստներն ավելանալու են 18 տոկոսով կամ 3500 դրամովՙ 23 հազար 350 դրամի դիմաց կազմելու է 26 հազար 853 դրամ:
Մինչեւ 2 տարեկան երեխաների նպաստը 18 հազար դրամից դառնալու է 19,5 հազար դրամ: Պահպանվելու են յուրաքանչյուր ծնվող երեխային միանվագ տրվող 50 հազար դրամը եւ երրորդ երեխայի համար տրվող 430 հազար դրամը: Քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը չի բարձրացվի: Օրենքով սահմանված երեք տարին մեկ ստաժի ավելացման կապակցությամբ ավելացումն իհարկե կլինի, որը սահմանաված է օրենքով:
Պետական կառավարման համակարգի աշխատողների միջին աշխատավարձը 157 հազար դրամ կլինի, քաղծառայողներինըՙ 137 հազար դրամ: Դատավորների միջին աշխատավարձը չի ավելացվելու եւ կազմելու է 798 հազար դրամ, դատախազներինը նույնպես չի բարձրացվելու եւ կազմելու է 376 հազար դրամ, հարկային ծառայողներինըՙ 232 հազար դրամ:
Ուսուցիչների միջին հաշվարկային աշխատավարձը 116 հազար դրամից դառնալու է 118 հազար դրամ: Գիտության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը 55,8 հազար դրամի փոխարեն կդառնա 61,4 հազար դրամ: Առողջապահության ոլորտում հիվանդանոցային բուժման 1 դեպքի միջին գինը 95,2 հազար դրամ է, իսկ հաջորդ տարի նախատեսված է 109,2 դրամ, որը հնարավորություն է տալիս աշխատավարձերի բարձրացման կամ դեղորայքի ձեռքբերման հարցեր լուծել:
Ընդհանրապես սոցիալական ոլորտին բյուջեից հատկացվող ամբողջ գումարը 244 մլրդ դրամից հաջորդ տարի դառնալու է 271 մլրդ դրամ, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 7,2 տոկոսն է:



























