Ուկրաինայի սահմանապահները Խարկովի օդանավակայանում Տաջիկստանի երկու քաղաքացու են ձերբակալել, որոնք կապված են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ: Այդ մասին ասված է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության կայքի հաղորդագրության մեջ: Գերատեսչության աշխատակիցների խոսքով, ձերբակալությունը տեղի է ունեցել հունիսի  24-ին «Խարկով-ավիայի» անցակետում: Տաջիկստանի` Ստամբուլից ժամանած քաղաքացիները  անձնագրային ստուգում էին անցնում: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանք Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ են գտնվում ԻՊ-ի հետ կապ ունենալու համար:   

Ձերբակալվածների մոտ հայտնաբերել են արաբերեն տեսադասընթացներ պայթուցիկ սարք պատրաստելու վերաբերյալ հրահանգներով, ինչպես նաեւ ծայրահեղական բնույթի գրականություն: «Հետագայում ձերբակալվածները բացատրել են, որ նախատեսել էին Տաջիկստանում հեղափոխություն կազմակերպել», — ասված է հաղորդագրության մեջ:  

Տղամարդկանց նկատմամբ քննություն է իրականացվում, խափանման միջոցի ընտրման մասին հարցը հետագայում կլուծվի: