Երեւան-Էջմիածին ճանապարհին այսօր՝ հունիսի 26-ին, տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 27-ամյա Ռոման Բուդաղյանը եւ 31-ամյա Մառլեն Պետրոսյանը ընկերներ էին, Կոտայքի մարզի Այգեկ գյուղի բնակիչներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը:

Վարուժան Աբրահամյանը նշեց, որ մահացած Ռոմանը «Պրիստիժ» տաքսի ծառայությունում աշխատում էր որպես վարորդ, նրա ընկեր Մառլենը խնդրել է նրան ինչ-որ տեղ գնալ, հետ գալու ճանապարհին էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը:

«Մառլենը խնդրել է ինչ-որ տեղ գնալ, տաքսիով տարել է, հետ գալուց էլ ավտովթարն ա եղել: Երկուսն էլ ամուսնացած չէին, խելոք, լավ տղաներ էին»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Էջմիածին ճանապարհին այսօր՝ հունիսի 26-ին,  «Պրիստիժ» տաքսի ծառայության ավտոմեքենայով Ռոման Բուդաղյանը բախվել է արգելապատնեշին, այնուհետեւ ավտոաշտարակին, ինչի հետեւանքով Ռոման Բուդաղյանի ուղեւոր 31-ամյա Մառլեն Պետրոսյանը մահացել է, հիվանդանոցում Ռոման բուդաղյանը գիտակցության չգալով՝ մահացել է: