Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2016 թ մայիսի 25-ին կարգադրել է 2015-ին ստեղծված «Ազերոսկի» պետական ընկերությանը գնել միլիարդավոր դոլարների արժողության վեց ոսկու հանքերը շահագործող այն չորս ընկերությունները, որոնցից առնվազն երկուսը նրա ընտանիքին են պատկանում: Այս մասին նշում է OCCCP.org-ը՝ վկայակոչելով «Պանամական փաստաթղթերը»:
Այս գործարքի շնորհիվ նախագահի ընտանիքը փորձում է իր ընտանիքին պատկանող ընկերությունները փրկել աղետալի վիճակից՝ թողնելով ոսկին չիրացված, աշխատողներին՝ առանց աշխատավարձի, իսկ նրանց ընկերություններին էլ ՝ ֆինանսական խորը պարտքերի մեջ:
Ալիեւների ընտանիքն է վերահսկում երկրի ոսկու, պղնձի ու արծաթի ամենահարուստ ակտիվները: Ադրբեջանի ժողովուրդը հիմա ստիպված է վճարել երկրի հանքավայրերը կառավարելու՝ նախագահական ընտանիքի ոչ կոմպետենտ փորձերի համար, ընդ որում այն ժամանակ, երբ երկիրը ֆինանսական ճգնաժամի մեջ է:
Այս նորությունը մի տեսակ աննկատ անցավ, քանի որ աշխարհն այդ ժամանակ ոգեւորված էր ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի՝ բանտից ազատ արձակելու լուրով, իրադարձություն, որին շատ երկար էր սպասում առաջավոր աշխարհը: Խադիջան որպես լրագրող անընդհատ լուսաբանում էր այս թեման՝ գրելով նախագահի ընտանիքի կողմից կոռուպցիոն գործարքների մասին, ինչի հետեւանքով էլ նա 2014-ի դեկտեմբերի 5-ից հայտնվել էր բանտում:
Հենց Իսմայիլովան էր, դեռ մինչեւ «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը բացահայտել , որ վերոնշյալ չորս ընկերություններից երկուսը՝ Բրիտանիայում գրանցված Globex International LLP-ը եւ Londex Resources S.A.-ը, որոնց վերահսկողության տակ է գտնվում 4 ընկերությունների կոնսորցիումի 56 տոկոսը, նախագահի դստրերին՝ Լեյլա ու Արզու Ալիեւաներին են պատկանում: Մյուս երկու ընկերույթունները օֆշորային են եւ շատ հնարավոր է , որ դրանց սեփականատերերը նույնպես նախագահի ընտանիքի անդամներն են:
Ալիեւը 2006-ի դեկտեմբերին վեց ոսկու հանքեր էր նվիրել իր ընտանիքի կողմից վերահսկվող կոնսորցիումին: Պայմանագիրը խորհրդարանը հաստատել էր 2007-ի հունիսին, թեեւ որոշ պատգամավորներ դժգոհում էին, որ գործարքը թափանցիկ չէ, ու որ այդ ընկերություններից որեւէ մեկն անհրաժեշտ փորձառություն չունի այդ ոլորտում աշխատելու համար, հետեւաբար գործարքը հակասում է ազգային շահերին:
OCCRP-ի տրամադրության տակ հայտնված ֆինանսական հաշվետվությունները վկայում են այն մասին, որ պատգամավորների մտավախությունները անհիմն չէին՝ Ալիեւի դուստրերին պատկանող Londex Resources S.A. ընկերությունը մոտ 230 մլն դոլար էր ծախսել բիզնեսը հարթելու համար: Ադրբեջանի Չովդար քաղաքում գործարան էր կառուցվել ու մինչեւ 2014-ի ապրիլը այն 30 մլն դոլարի արտադրանք էր տալիս, իսկ հետո անսպասելիորեն դադարեց գործել՝ 300 աշխատողներին թողնելով գործազուրկ: Նրանց մինչեւ հիմա չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը:
Գործարանը երբեք չէր կարողանում իրացնել իր արդյունահանած ոսկին: Կոնսորցիումի մենեջերները ոչինչ չէին հասկանում այդ բիզնեսից ու վճռորոշ սխալներ էին թույլ տալիս կառավարման գործում, վստահեցնում են փորձագետները:
Այս տարվա փետրվարին ու մարտին հուսահատ աշխատողները բողոքի ակցիա էին կազմակերպել Բաքվի փողոցներում ՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատավարձերը ու ապահովել աշխատանքով:
Կառավարության այդ ռիսկային նախաձեռնության նպատակն էր փրկել Ալիեւի դուստրերի ներդրումները : Բայց դեռ պարզ չէ , թե որքան գումար ընտանիքին կհաջողվի փրկել, հաշվի առնելով, որ գործարքի պայմանները դեռ վերջնականապես համաձայնեցված չեն: Գործարքի գինը որոշելու համար Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունները ու ԿԲ-ն երկու ամիս ժամանակ ունեն:





























