ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ միեւնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները` հիշեցնելով, որ արգելվում է անտառային տարածքներում

1/ Կրակ վառել

2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

3/ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական եւ առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար: