ՆԱՏՕ-ն Հայաստանի վրա հարձակվելու կամ նրա օդային տարածքը խախտելու ծրագրեր չունի, դրա համար էլ Հայաստանի ու Ռուսաստանի օդային պաշտպանության համատեղ մեխանիզմը չի կարելի դիտակել որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված միջոցառում, քանի դեռ կողմերն իրենք չհայտարարեն այդ մասին: Այս մասին հունիսի 27-ին հայտարարել է Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահի տեղակալ Բաթու Քութելիան ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ, որը հայկական լրատվամիջոցների համար կազմակերպել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը:

Անդրադառնալով ան հարցին, արդյոք Հայաստանի ու Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի վավերացումը կվնասի Հայաստանի ու ՆԱՏՕ-ի փոխհարաբերություններին, Քութելիան շեշտել է, որ Հայաստանը, ինչպես եւ ցանկացած անկախ ինքնիշխան պետություն, ազատ է ընտրել իր դաշնակիցներին, նրանց հետ համագործակցության շրջանակներն ու աստիճանը, նաեւ պաշտպանունակության ու անվտանգության ապահովման մեթոդները: «Ռազմավարական որոշումները, ինչպիսիք են «հակաօդային պաշտպանության համատեղ համակարգը», կարճաժամկետ ու երկարաժամկետ հետեւանքներ ունեն ու պահանջում են մանրակրկիտ դիտարկում»,- հավելել է վրացի քաղաքական գործիչը:

«Կովկասյան տարածաշրջանում անվտանգության միավորված համակարգի շրջանակում Հայաստանի ու Ռուսաստանի ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին» համաձայնագիրը ստացել է Հայաստանի ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի դրական եզրակացությունը այս տարվա հունիսի 3-ին: Համաձայնագիրը 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրել են Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն: Փաստաթղթի նպատակն է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծել հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Համաձայնագիրը ստորագրվել է 5 տարի ժամկետով, յուրաքանչյուր հինգ տարին մեկ երկարացման հնարավորությամբ: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կքննարկի համաձայնագրի վավերացման հարցը: