Իշխանությունն ընդդիմությանը առաջարկում է սնման լուրջ ռեսուրս՝ ժողովրդի քվեն, սնվեք եւ եթե անկուշտ լինեք, չի բացառվում՝ մի օր էլ դուք կգաք իշխանության: Այս մասին այսօր՝ այսօր՝ հունիսի 28-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը՝ դիմելով ընդդիմադիր այն գործիչներին, որոնք դեմ են արտահայտվել նախագծին:
«Ընդդիմությունն էլ անկուշտ պետք է լինի՝ փոփոխություններ առաջարկելով: Այսօր ընդդիմությունն անկուշտ է՝ իր իսկ առաջարկը քննադատելով: ՀՀԿ-ն մեղավոր չէ, որ որոշ խմբակցություններ կազմաքանդվել են եւ միայն անուններն են մնացել: Այնուամենայնիվ, ես այն տպավորությունն ունեմ, որ որոշ ուժերի ձեռնտու չէ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու երաշխիք հանդիսացող այս Ընտրական օրենսգիրքy, քանի որ հետագայում չեն կարող մեղքը բարդել ընտրակեղծիքների վրա: Այս նախագծով մենք կարող ենք 100 տոկոսով բացառել ընտրակեղծիքները»,- ասաց Վահրամ Մկրտչյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմության ներկայացրած երեք կարեւորագույն առաջարկներն էլ առկա են այս նախագծում՝ տեսանկարահանում, նույնականացման քարտերով միասնական մասնակցություն եւ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։
Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն դոլարից 11 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։





























