ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հունիսի 28–ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Նախարարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների գնահատականի հարցերը եւ միջազգային հարթակում համագործակցությունը»,– ասել է Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները Փարիզում հունիսի 29-ին կքննարկեն Ուկրաինայում եւ Սիրիայում ճգնաժամերն ու ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը։
«Առաջիկա բանակցությունների ժամանակ կքննարկվեն հակաահաբեկչական պայքարում համագործակցության հարցերը։ Անխոս, անդրադարձ կկատարվի Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի ճգնաժամերին եւ Մերձավոր Արեւելքին ընդհանուր առմամբ։ Լավրովն ու Էյրոն կարծիքներ կփոխանակեն նաեւ ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ»,– ասել է նա։





























