Հայաստանի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ շարունակվում է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան՝ ընդդեմ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի, որն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Ակտիվիստները պահանջում են պատգամավորներից ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը Ռուսաստանին հանձնելու համաձայնագիրը չվավերացնել։ Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «ՀՕՊ-ի հանձնումը = Ստեփանակերտի ռմբակոծում», «Դավաճանության հերթական քայլը», «Չենք հանձնելու ոչ օդը, ոչ հողը»:

Ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը՝ դիմելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանին՝ ասաց. «Այդ համաձայնագրի 6-րդ կետում ասվում է, որ օկրուգի հրամանատարն է որոշում կայացնում: Խաղաղ ժանական օկրուգի հրամանատարությունն ստանձնում է Հայաստանը, իսկ պատերազմական վիճակում այդպես չէ»:

Ի պատասխան Ռուստամ Գասպարյանն ասաց. «Եթե Ղարաբաղի վրա հարձակում լինի, Հայաստանի ՀՕՊ-ն իր ամբողջ հնարավորություններով հանդերձ կպաշտպանի Ղարաբաղին»: Նրա խոսքով, դեռ համաձայնագրի նախագիծը քննարկվում է, դեռ հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն, դեռ հարցեր ունենք տալու:

Ակտիվիստներից մեկը կոչ արեց պատգամավորին դեմ քվեարկել, որովհետեւ կողմ քվեարկելը դավաճանություն է: «Կոչ ենք անում՝ դեմ քվեարկել։ Այս մեղքը ձեր վրա մի վերցրեք»,-ասաց նա, ինչին պատգամավորն արձագանքեց. «Հաստատ չենք վերցնի մեզ վրա մեղք»:

Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկը՝ Միքայել Նազարյանը, եկել էր թղթե ինքնաշեն որսորդական հրացանով՝ նշելով, որ եթե ՀՕՊ միասնական համաձայնագիրը վավերացվի, իրենք ստիպված են լինելու որսորդական հրացաններով զինվել:

Ակցիայի ընթացքում ԱԺ է եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը եղել է «Ռոլս Ռոյս» մակնիշի մեքենայով: Նա հրաժարվել է խոսել ակցիայի մասնակիցների հետ: