Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրում կան հակասական կետեր հայկական կողմի իրավունքների առումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` քաջատեղյակ եմ համաձայնագրից եւ այդ կետերը հակասական են»,-ասաց Բագրատյանը` արձագանքելով այն մտահոգություններին, որ այդպիսով Հայաստանը կորցնելու է ինքնիշխանությունը եւ պատերազմի ժամանակ ստիպված է լինելու որոշում կայացնել միայն Ռուսաստանի հետ համաձայնեցնելուց հետո:
«Մի կետն ասում է` իրավունք ունենք հրաման տալ, մյուս կետը ասում է պլանավորումը պետք է համատեղ անել: Եթե պլանավորում չկա, ապա ինչպես ենք հրաման տալու, հակասական կետեր կան: Ես այն մարդն եմ, որը ինչպես գիտեք, ստեղծել է երկրի հակաօդային պաշտպանությունը, մինչ այդ մենք չենք ունեցել: Ստեղծվել է 1993-ի գարնանը, որից հետո պատերազմում հաղթանակ ենք տարել, տիրապետում եմ խնդրին եւ համապատասխան հարցեր կտամ: Անկեղծ ասեմ, չեմ թաքցնում այն ժամանակ ռուսները զարմացած էին, որ մեր ուժերով արել ենք»,- ընդգծեց Բագրատյանը:
Հարցին` ինչու անհրաժեշտություն ծագեց ռուսների հետ միասնական իրականացնել այդ պաշտպանությունը, Հայաստանինը բավարար չէր, պատասխանեց. «Չգիտեմ, գուցե ստեղծվել են սարքեր, որ մենք մեր համակարգով այլեւս չենք կարող պաշտպանել, չգիտեմ, բայց համաձայնագիրը կարդալով` չեմ կարող հասկանալ` ինչու հնարավոր չէր այլ կերպ յոլա գնալ»,-ասաց նախկին վարչապետը:
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:





























