Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի միջոցով փորձում է հարթել այն կոնֆլիկտը, որը հյուծել է թուրքական տնտեսությունը ու մեկուսացրել Անկարային տարածաշրջանում, գրում է Bloomberg–ը:

Տնետսական ու աշխարհքաղաքական խնդիրները լուծելու համար է Էրդողանը շտապել հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր կնքել նաեւ Իսրայելի հետ: երկրների միջեւ հարաբերությունները վատացել էին 2010-ին «Ազատության նավատորմիղի» վերաբերող միջադեպից հետո:

Վերջին ամիսներին Անկարան ավելի ուժեղ է զգում, որ տարածաշրջանային՝ մանավանդ սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում իր դերն անշեղորեն նվազում է, մինչդեռ Մոսկվան հիմա գլխավոր միջազգային դերակատարն է: Սիրիայում Էրդողանի քաղաքականությունը փակուղի է մտել: Ռուսաստանի աջակցության շնորհիվ նախագահ Բաշար Ասադի զորքերը գերազանցություն են ստացել քաղաքացիական պատերազմում ու ստիպել գրոհայիններին, որոնց Թուրքիան է աջակցում, հարձակումից պաշտպանության անցնել, ասվում է հոդվածում:

«Արտաքին քաղաքականությունում երկու լուրջ փոփոխությունները նույն օրը կատարվեցին: Երկուսի պատճառն էլ նույնն է ՝ Թուրքիան չի ուզում մենակ մնալ»,- մեջբերում է գործակալությունը նախկին Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության նախագահ Օզդեմ Սանբերկին:

Տնտեսական խնդիրները, որոնց բախվել է Թուրքիան ռուսաստանյան պատժամիջոցների պատճառով, որոնցից հատկապես ուժեղ է տուժել զբոսաշրջության ոլորտը, նույնպես իրենց հերթին Էրդողանին ստիպել են հաշտեցման գնալ: Մինչեւ հակամարտությունը Մոսկվայի ու Անկարայի միջեւ առեւտրի ծավալը կազմում էր տարեկան 30 մլրդ դոլար, սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական Սու 24-ը, այս ցուցանիշն աղետալի ձեւով նվազել է:

« Ներողություն է սա, թե ոչ, բայց Թուրքիան ափսոսանք է հայտնել, իսկ Ռուսատսնը փաստորեն դա ընդունել է որպես ներողություն: Քայլը, որին սպասում էր Ռուսաստանը, ձեռնարկվել է»,- համարում է Օզդեմ Սանբերկը:

Նախկին դիվանագետի կարծիքով Մոսկվան ձգտում է ԱՄՆ հետ միասին վճռորոշ աշխարհքաղաքական ուժ դառնալ Մերձավոր արեւելքում: Էրդողանի ներողությունից հետո Ռուսաստանը կակնկալի, որ Անկարան այլեւս իրեն չի խանգարի տարածաշրջանում իր քաղաքականությունը վարելու հարցում:

Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատացել էին անցած տարվա նոյեմբերին, երբ թուրքական «Էֆ 16» կործանիչը Սիրիայում խոցել էր ռուսական ռմբակոծիչ «Սու-24»-ը, իսկ կատապուլտի միջոցով փրկված օդաչու Օլեգ Պեշկովին էլ սպանել էին արդեն վայրէջք կատարելուց հետո՝ ցամաքում: Վլադիմիր Պուտինը դա անվանել էր « մեջքից հարված » ահաբեկիչների հովանավորների կողմից ու Թուրքիայի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ էր սահմանել: