Հայաստանի ամբողջ օդային շուկան տրամադրվել է Ռուսաստանին։ Այս մասին հունիսի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ պատճառը «բաց երկնքի» քաղաքականության մեջ է։ «Դա բլեֆ է, նման բան գոյություն չունի։ «Բաց երկնքի» քաղաքականությունը միշտ բազմակողմանի է կամ գոնե երկկողմ, բայց ոչ միակողմանի»,– ասել է Պետրոսյանը եւ հավելել, որ Հայաստանը պարտադիր պետք է ունենա սեփական ավիաընկերությունը։

«Մենք, իհարկե, ազգային ավիափոխադրող ունենալու հնարավորություն ունենք։ Դեռեւս խոսքը պետք է պետական մենաշնորհի մասին լինի, քանի որդա ռիսկային բիզնես է։ Ոչ մի մասնավոր ընկերություն նման ռիսկի չի գնա»,– նշել է Շահեն Պետրոսյանը։

Նա կարծում է, որ Կառավարությունը պետք է լինի նախաձեռնողը. անհրաժեշտ է 50 մլն դոլարի ներդրում անել եւ ուժեղ ավիաընկերություն ստեղծել։ «Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ պետությունը չի գնում այդ քայլին։ Միգուցե, ռուսական կողմն է ստիպել։ Ես ոչ մի փաստ չունեմ, բայց իրադարձությունների տրամաբանությունն այդ մասին է վկայում»,– հավելել է նախկին պաշտոնյան։