Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության առաջիկա նիստի ժամանակ կհայտարարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականները կատարելու կարգի մասին:

Լրատվամիջոցների տվյալներով, պատժամիջոցների չեղարկմանն ուղղված առաջարկները հավաքելու է փոխվարչապետ Իգոր Շուվալովի աշխատակազմը: Դրանից հետո կառավարությունը որոշում կկայացնի պատժամիջոցների չեղարկման կամ փոփոխման մասին:

Վարչապետի տեղակալ Դմիտրի Կոզակի կարծիքով թուրքական շինարարական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն «առաջիկա մեկ- երկու շաբաթվա ընթացքում»: Ինչ վերաբերում է պարենամթերային էմբարգոյի չեղարկմանը ու չարթերային չվերթների արգելքին, ապա  փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի կարծիքով  այս հարցերի շուրջ որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին», գրում է «Կոմերսանտը»: