Բանակում ծեծվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի պաշտպան Արա Ղարագոզյանը համաձայն չէ Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի կարճվելու որոշման հետ եւ պատրաստվում է բողոքարկել: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ թերի քննություն է կատարվել, առերեսում չի եղել, այն դեպքում, երբ էական հակասություններ են եղել տուժողի պատմածների եւ հրամանատր Ջիվան Մկրտչյանի պատմածների միջեւ. «Նախաքննական մարմինը մի հարցի պետք է պատասխաներ` ինչի առողջ երիտասարդը  պետք է բանակից հոգեկան հիվանդությամբ վերադառնար: Իրենց պարտականությունն է հանցագործությունը բացահայտելը: Եթե տեղի է ունեցել   հանցագործություն, ինչ է նշանակում որեւէ մեկը պատասխանատվություն չպետք է կրի:  Պատրաստվում ենք որոշումն ստանալուց հետո բողոք ուղարկել դատախազին, եթե մերժվի  կդիմենք ՄԻԵԴ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Նշենք, որ 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել. պարբերաբար ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում: Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը բավականաչափ գումար չունի:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով: