Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Կառուցվածքային երկրաֆիզիկայի եւ երկրադինամիկայի լաբորատորիայի աշխատակիցները 4 անգամ մասնակցել են Գիտության պետական կոմիտեի կազմակերպած մրցույթներին: 4 անգամ էլ նրանք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սակայն թե ինչ պատճառաբանությամբ, հայտնի չէ:
Նշենք, որ այս լաբորատորիան կատարում է սեյսմաբանական հետազոտություններ, որոնք մեծ նշանակություն ունեն երկրաշարժերի կանխագուշակման, սեյսմիկ վտանգի գնահատման, շինարարական հրապարակների եւ նորմերի լավագույն ձեւով ընտրելու, ինչպես նաեւ երկրի անվտանգության տարբեր խնդիրների լուծման համար:
«Շատ կարեւոր է, որ Գիտության պետական կոմիտեն մրցույթներներն անցկացնի օբյեկտիվ, քանի որ դա նպաստում է Հայաստանում գիտության զարգացմանը: Յուրաքանչյուր պետություն պետք է ունենա առաջակարգ գիտություններ, որոնք կարեւոր են Հայաստանի համար, իսկ երկրաշարժագիտությունը հենց այդպիսի ուղղություն է: Մենք դեռ լիովին չենք վերացրել Սպիտակի երկրաշարժի աղետալի հետեւանքները: Երկրաշարժի կոորդինատները փոփոխական են, եւ երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած կետում: Մենք պետք է սեյսմաբանական հետազոտություններ արվեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Ավետիսյանը:
Երբ խումբն առաջին անգամ չի հաղթահարում արդյունավետ գիտաշխատողների մրցույթը, դիմում են Կոմիտեի նախագահին` ներկայացնելով իրենց փաստարկները, թե ինչ կարեւորություն ունի երկրաշարժագիտությունը Հայաստանի համար: Հետաքրքրական է, որ 100 մասնակիցներից 99-ը Երեւանի եւ նրա մերձակա շրջանների գիտնականներն են: Նշենք, որ Ավետիսյանն ու իր գործընկերները Գյումրիի են:
Երկրորդ անգամ խումբը մասնակցում է ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2015» համատեղ մրցույթին, որը նույնպես չեն հաղթահարում:
«Հայտը ներկայացրել ենք Ռուսաստանի Դաշնության մասնագետների հետ: Հանձնաժողովը ՌԴ հայտնի մասնագետ, Երկրի ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վ.Յու. Բուրմինին 5 միավորանոց համակարգում գնահատել է 2 միավորով, իսկ ինձ` 3, հայկական խմբին` 2,5 միավոր: Կարծում եմ` մեզ 7,5 ընդհանուր միավորով են գնահատել, որպեսզի մեր հայտի միավորները չգերազանցեն անցողիկ շեմը: Դրա փոխարեն անցնի մի աշխատանք, որը իրենք են ցանկանում: Հակառակ պարագայում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ մյուս երկու մրցույթներում մենք գնահատվել ենք 12,5 եւ 13,5 միավորներով»,- ասում է պրոֆեսորը:
Գիտության պետական կոմիտեի նախագահին ուղղված նամակներից հետո անհասկանալի պայմաններում «Շիրակի մարզի գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2015»-ին, փորձագետները խմբին ավելի ցածր են գնահատում, իսկ փորձագետներից մեկը բոլոր հարցերին նշանակել էր 3 գնահատական` առանց պատասխանելու Կոմիտեի կողմից առաջադրված 3 հարցերից եւ ոչ մեկին: Պրոֆեսորը կարծում է, որ մրցույթի արդյունքները կասկածելի են:
Անդրեյ Ավետիսյանը համոզված է, որ Կոմիտեում փորձագիտական ինստիտուտը չի գործում: Պրոֆեսորն առաջարկում է, որ գնահատականներ տան Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան բաժինները, հակառակ դեպքում, գոնե փորձագետները պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու են այդ թվանշանը դրել:
«Ես նամակով դիմել եմ Հանրապետության նախագահին` առաջարկելով, որ ակադեմիայում համապատասխան հանձնաժողով լինի, որը կուսումնասիրի մեր կատարած աշխատանքը: Այն մարդիկ, որոնք մեզ ցածր գնահատական են դրել, թող բացատրեն, թե ինչու են այդպես վարվել»,- նշում է Անդրեյ Ավետիսյանը:
Անդրադառնալով վերջին ժամանակներում գիտնականներին եւ Գիտությունների ազգային ակադեմիային ուղղված քննադատություններին, պրոֆեսորը խորհուրդ է տալիս, որ քննադատեն ոլորտից հասկացողները, ոչ թե գիտության մեջ ոչ մի ծառայություն չմատուցած մարդիկ. «Եթե լավ երկիր ենք ուզում, օպտիմալացում, ապա պետք է գիտությունը զարգանա, գերակա ուղղություններ պետք է առանձնացվեն եւ հենց դրանք զարգանան: Ինչպես քառօրյա պատերազմում մենք պատրաստ չէինք, այնպես էլ երկրաշարժի դեպքում պատրաստ չենք լինելու, մինչեւ որ համապատասխան հետազոտությունները չարվեն: Այս խնդիրները Կառավարության եւ Գիտության պետական կոմիտեի ուշադրության կետրոնում լինեն: Տպավորություն է, որ Հայաստանում գիտությունը դեր չունի, երբ հաշվի առնենք, որ գիտնականը ստանում է 40 հազար դրամ թոշակ, իսկ նրա ուսանողները, որոնք պաշտոններ են զբաղեցրել, ավելի քան 100 հազար դրամ»:
Հարցին, թե արդյոք Հայաստանում կան նախադրյալներ գիտության զարգացման համար, Անդրեյ Ավետիսյանը պատասխանեց. «Լավագույն մասսնագետները փորձում են լավ աշխատանք գտնել դրսում եւ տեղափոխվել այնտեղ: Այսօր ասում են` ինչ է արել այդ գիտնականը, բայց ի՞նչ եք նրանից պահանջել, որ չի արել: Գիտության զարգացման համար նախ եւ առաջ ակադեմիան անհարժեշտություն է: Կան կառույցներ, որոնք պետք է կրճատել, բայց ոչ Գիտությունների ազգային ակադեմիան»:
Ամփոփելով ստեղծված իրավիճակը, Անդրեյ Ավետիսյանն ու իր գործընկերները կարծում են`
1. Գիտության կոմիտեն մինչեւ հիմա չունի մրցույթների անցկացման հստակ կանոնակարգ եւ ամեն անգամ մրցույթը տարբեր ձեւով է անցկացնում:
2. Փորձագետների որակավորորումը խիստ կասկածելի է, որովհետեւ նրանք կարող են նույն աշխատանքին տալ իրար հակասող գնահատականներ:
3. Մինչեւ հիմա հստակ ձեւավորված չեն ՀՀ առաջնային գիտական ուղղությունները, քանի որ երեք մրցույթների ընթացքում էլ երկրաֆիզիկական ոչ մի աշխատանք չի ֆինանսավորվել, այսինքն` աշխատանքի ֆինանսավորումը կախված է ոչ թե գիտական ուղղության կարեւորությունից, այլ գիտության կոմիտեի տվյալ թեմայի ղեկավարի կամ հիմնարկի ունեցած վերաբերմունքից:
4. Գիտության կոմիտեն չի կարողանում փորձաքննություն անցկացնել ՀՀ գիտական ներուժի առկայության պայմաններում, ներկայացվող հայտերը, այսինքն խնդիրները, նրա լուծման մեթոդները եւ հիմնական փուլերը ուղարկում են արտասահմանյան փորձագետներին` նախապես նրանց տեղյակ պահելով ՀՀ-ում կատարվող գիտական նվաճումների հիմնական ուղղություններին: Իսկ նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գրած եզրակացությունների համար, եւ շատ հնարավոր է, որ նույնիսկ շատ ցածր գնահատեն եւ այդ խնդիրների լուծումները իրականացնեն իրենց երկրներում:
5. Փորձագետները պետք է իրենց եզրակացությունների մեկ օրինակը ուղարկեն հայտի ղեկավարին:





























