Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը: Այս մասին, հունիսի 30-ին, Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս  Հովհաննեսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ  Առաքելական Եկեղեցու բացառիկ  դերակատարությունը  հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում  հայապահպանության, հոգեւոր, մշակութային  եւ քրիստոնեական  արժեքների  պահպանման  եւ տարածման գործում:

«Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը  հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ եւ աջակցության  պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության  ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին:

Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին  ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարեւորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար  այն ճանաչելի դարձնելը: